Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ժիրայր Մարգարյանի քույրը՝ բազմազավակ ընտանիքի 9-րդ երեխան
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ժիրայր Մարգարյանի քույրը՝ բազմազավակ ընտանիքի 9-րդ երեխան, 8-րդ աղջիկը։ Նորածինը լույս աշխարհ է եկել «Արմավիր» ԲԿ-ում կեսարյան հատումով՝ 4 կգ քաշով և 51 սմ հասակով։ Փոքրիկին անվանակոչել են Հասմիկ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոս սերժանտ Հասմիկ Արզումանյանի․ այդ անունը խորհրդանշում է ուժը, պայքարը, անմար լույսն ու կյանքի շարունակականությունը։
«Իմ հրաշք, իմ լույս, դու ծնվեցիր, որ լույս բերես մթած կյանքիս։ Դու իմ փոքրիկ հրեշտակն ես, ես քեզ անվանակոչեցի հերոսի անունով՝ Հասմիկ։ Ես Ժիրայրին մեծացրի հայրենասիրական ոգով, բայց դու պիտի մեծանաս վրեժի ցասումի ոգով, այնպիսի զորությամբ, որ կշղթայի խավարին ու կկոտրի անարդարության ամեն պատը։ Դու ունես վրեժ, պիտի տեսնես բոլոր մեղավորների դատաստան, պիտի տեսնես Արցախս։ Դու պիտի ապրես Արցախում՝ ապրես նրա հոգով, նրա հպարտությամբ, նրա լույսով, որը երբեք չի մարում»,-գրել է հերոսածին մայրը։
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է ԲԿ ու շնորհավորել է նորածնի մայրիկին՝ մաղթելով առողջություն, ուժ և տոկունություն՝ ընդգծելով, որ այս երեխայի ծնունդը ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ ժողովրդի համար կյանքի շարունակականության և ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշ է։
Մարգարյանների ընտանիքը պատերազմի ժամանակ կորցրել է իր միակ որդուն՝ 18-ամյա Ժիրայրին։ Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր։ Վերջին անգամ Ժիրայն ընտանիքի անդամներին զանգահարել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Անմահացած Ժիրայր Մարգարյանի մարմինը գտել են որոնումների 9-րդ ամսում։