Եկեղեցու հարցը Սահմանադրության փոփոխության համատեքստում դեռ չի քննարկվել․ Գալյան
Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցը Սահմանադրության փոփոխության համատեքստում դեռ չի քննարկվել։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Հաշվի առնելով եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում և մեր պետությունում՝ կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է լինի։ Ուզում եմ նաև շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից: Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական նորմ ունենալը հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա։ Դա չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում: Հուսով եմ՝ այս մեկնաբանությամբ այդ դեբատին վերջակետ կդնենք»,- ասաց նախարարը:
Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ Գալյանը նշեց, որ այս հարցի հետ կապված ևս դեռ քննարկում չի եղել։ Նա վստահեցրեց՝ երբ լինի, քաղաքացիներին կներկայացվի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Սահմանադրության նախաբանում: