Մարտին նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի․ Գալյան
ՀՀ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի առաջիկա կիսամյակում։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մեր առաջիկա առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։ Դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- նշեց Գալյանը։
Գալյանը նշեց նաև, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հետ կապված կոնկրետ ժամկետ այս պահին չկա։ «Մենք ունենք արգելք՝ խորհրդարանական ընտրությունների ու հանրաքվեի միաժամանակյա անցկացման հետ կապված։ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կկազմակերպվի ընտրություններից ուշ, բայց չգիտենք` երբ։ Դա կլինի այն ժամանակ, երբ հասկանանք, որ տեքստը բավարար չափով հանրության հետ կոմունիկացված է»,- ասաց նախարարը։