Նավերի վթար Հունաստանում. կան տասնյակ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ
Հունաստանի ափային պահպանության կողմից Խիոս կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավակի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 24 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին հաղորդել է հունական ERT-news հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Խիոս կղզու Միրսինիդիո լողափի մոտ ափային պահպանության նավի և անօրինական միգրանտներ տեղափոխող մոտորանավակի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ 14 մարդ մահացել է, 24-ը՝ վիրավորվել։ Վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ափային պահպանության երկու աշխատակից, ինչպես նաև 22 վիրավոր միգրանտ, այդ թվում՝ յոթ երեխա և մեկ հղի կին։
Անհետ կորած անձանց մասին հաղորդագրությունների պատճառով ափային պահպանության և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում։ Նախնական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միգրանտներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ափային պահպանության նավին։
Դեպքի վայրում աշխատում են ափային պահպանության չորս նավեր, մասնավոր ջրասուզակներով մեկ նավ և ռազմաօդային ուժերի ուղղաթիռ։