Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով
Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ:
Հաղորդվեց նաև, որ մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին: Միաժամանակ, Սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի բժշկական հասարակությունը ՀՀ առողջապահության նախարարին հայտնել է իր պատրաստակամությունը նյութական և բուժական օգնություն ցուցաբերելու հարցում:
Իսկ Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում է արյունատվության գործընթացը: Շատ քաղաքացիներ, մասնագիտական միավորումներ, հասարակական կազմակերպություններ վիրավոր զինվորներին աջակցելու ցանկությունն արտահայտում են կամավոր դոնորությամբ, չնայած արյան բաղադրամասերի առկա բավարար պաշարներին:
«Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությունը: Բժշկական հանրությունն այս կերպ իր զորակցությունն է հայտնում հայ զինվորին»,- հայտնեցին նախարարությունից: