Մոսկվան Դելիից որևէ ազդանշան չի ստացել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու վերաբերյալ. Պեսկով
Կրեմլը հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի Հնդկաստանի կողմից ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին, ինչպես նախկինում հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք մինչ այժմ Դելիից որևէ հայտարարություն չենք լսել այս հարցի վերաբերյալ», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հնդկաստան ռուսական նավթի մատակարարումների հնարավոր դադարեցման մասին հարցին։
Նախորդ օրը Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իբր, հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և անցնել ԱՄՆ-ից և Վենեսուելայից հումքի գնմանը։ Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս հայտարարել է Հնդկաստանի պատրաստակամության մասին՝ կրճատելու ռուսական նավթի ներմուծումը։