Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 29-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Հայաստանում 2025թ-ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31–ից երկարաձգվում է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
Նշենք, որ ՀՀ–ի արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների դեպքում` 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։