Ամերիկյան ռազմատեխնիկան շարունակում է մոտենալ Իրանին
ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton ռազմավարական էլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը և P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը մի քանի ժամ տևողությամբ թռիչքներ են իրականացրել Իրանից հարավ-արևելք։
Այս մասին հաղորդել է Interfax-ը՝ հղում անելով Flightradar24 ավիացիոն ընկերության տվյալներին։
Գործակալությունը նշում է, որ անօդաչու թռչող սարքը և ինքնաթիռը թռչում էին միջազգային ջրերի վրայով՝ Պարսից ծոցից դեպի Օմանի ծոց՝ անցնելով Հորմուզի նեղուցով։
Միևնույն ժամանակ, Օմանի ծոցի վրայով թռչել է նաև իրանական անօդաչու թռչող սարքը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Այովայում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով, հայտարարել էր Իրանին ամերիկյան խոշոր ուժերի մոտենալու մասին։
«Ի դեպ, ևս մեկ մեծ, գեղեցիկ նավատորմ այս պահին գեղեցիկ կերպով շարժվում է դեպի Իրան, այնպես որ կտեսնենք։ Հուսով եմ՝ նրանք համաձայնության կգան», - հավելել է նա։