Իշխանությունները տղերքի արած ամեն ինչը ջուրը լցրին, պատիվը գետնով տվեցին, Եռաբլուր ի՞նչ երեսով են գալիս. զոհվածի հայր
Ես չեմ ուզում, որ կառավարության որևէ անդամ մոտենա իմ տղայի շիրիմին և նմանապես մնացած մյուս տղաների շիրիմներին։ Ես զուտ դրա համար եմ այսօր այստեղ։ Այս մասին ասել է 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը։
Նա առավոտյան ժամը 6:10-ից Եռաբլուրում է:
«Ոստիկանները, կարելի է ասել ամբողջ Եռաբլուրը սանրում էին, տարածքներ, տեղանքներ և այլն։ Տարածքը ապահովում էին, մաքրում էին, որովհետեւ երկրի, ազգի դավաճանները, հողատուները պիտի գան։ Իրենց այստեղ գալը ամոթ է։ Խոսքը չի վերաբերվում միայն 44-օրյա պատերազմի տղերքին, այլ ընդհանուր Եռաբլուրին։ Իրենք տղերքի արած ամեն ինչը ջուրը լցրին, պատիվը գետնով տվեցին, թե այսօրվա դրությամբ ինչի համար են մտնում Եռաբլուր, ի՞նչ երեսով են գալիս, ես չգիտեմ, չեմ կարող գնահատական տալ դրան»,–ասաց զոհվածի հայրը։
Նա նկատեց, որ ցանկացած պատերազմ ունենում է հաղթողներ ու պարտվողներ. «Եթե դասավորվեր այնպես, որ պարտվեինք, բայց գոնե դրանից հետո իմանայինք, որ մեր ղեկավարությունը նորմալ ղեկավարություն է եղել ու չի դավաճանել մեր տղաներին, հետո նաև երկրին, էլի կհարմարվեինք, կասեինք՝ ղեկավարությունն էլ մեղավոր չի, ուժներս չհերիքեց, բայց եթե իրանք չպարտվեցին, բայց իրանք դավաճանեցին ու երկիրը հանձնեցին, վաճառեցին, ղեկավարությունը այստեղ անելու ոչինչ չունի։ Ես իրենց ղեկավար չեմ էլ համարում, իրանք մեր ղեկավարը չեն, իրանք ընդամենը թուրքի կատարածու են»,–ասաց նա։