Հայաստանում գոյաբանական վտանգ է սպառնում եկեղեցուն. Դավիթ Շահնազարյան
Հանրությունը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ հայտարարած պատերազմը, չկա աջակցություն, ես մանրամասներ գիտեմ՝ ինչպես են պետական համակարգի ներկայացուցիչներին փայտով քշում այդ միջոցառումներին, այդ մարդիկ էլ Փաշինյանին հայհոյելով գնում են, այդպիսի խստությամբ նույնիսկ 60-70-ականներին Խորհրդային Միությունում շքերթների չէին տանում։ Փաշինյանին հավասարակշռությունից հենց դա է հանում, երբ տեսնում է, որ չունի հանրային աջակցություն, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
«Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ եկեղեցին ու պետությունը տարանջատված են, հիմա դատական իշխանությունն իր կեղտոտ ոտքերով խառնվել է Հայ Առաքելական եկեղեցու գործերին։ Սա ոչ միայն մեր եկեղեցու դեմ քաղաքականություն է, այլ նաև՝ հենց պետականության, ազգային ինքնության։ Ես չեմ հասկանում այն գործիչներին, որ ասում են՝ եկեղեցու դեմ կատարվողը մեր գործը չէ, սա բոլորիս գործն է, պետությունն է քանդվում, Սահմանադրությունն է ոտնահարվում։ Մայր Աթոռը որոշել է Եպիսկոպոսաց ժողովը հրավիրել Հայաստանից դուրս, բացառիկ մի բան է տեղի ունենում, սա նշանակում է, որ Հայաստանում գոյաբանական վտանգ է սպառնում եկեղեցուն։
Բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունը շարունակում է պառակտման քաղաքականությունը, այսպիսի պառակտվածությունն ազգային անվտանգությանը հսկայական հարված է»։