Ամերիկան նավատորմ, ավիացիա և ծանր ռազմական տեխնիկա է մոտեցրել Իրանի ափերի մոտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելք են թռել առնվազն վեց ծանր բեռնատար ամերիկյան C-17A Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ։
Միացյալ Նահանգներից մեկնող ռազմական բեռներ տեղափոխող ամերիկյան ինքնաթիռները ժամանել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազա, որտեղ տեղակայված է ամերիկյան կործանիչների մեծ խումբ, ինչպես նաև Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազա, Քուվեյթի Ալի Ալ Սալեմ ավիաբազա և Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան ավիաբազա։
Անցած շաբաթվա ընթացքում ռազմական բեռներ տեղափոխող C-17A Globemaster III տրանսպորտային ինքնաթիռները մոտ 20 թռիչք են կատարել Մերձավոր Արևելք։ Գրանցվել է նաև ամերիկյան EA-37B ինքնաթիռի տեղակայումը, որը նախատեսված է թշնամու կապի, նավիգացիայի և ռադարային համակարգերը ճնշելու համար։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղակայվում են լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռային համակարգեր և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ամերիկյան ռազմական գործողության դեպքում իրանական հնարավոր հակագրոհներից պաշտպանվելու համար։