Հանրությունը պետք է գոհ լինի. պարգևավճարը նրա համար է, որ պաշտոնյաները սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն. Ֆիննախ
Նախորդ տարվա աշխատանքների ամփոփիչ ասուլիսում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադառնալով պետական պաշտոնյաներին պարգևավճար տալուն՝ նախարարը վստահեցրեց, որ վերջին տարիներին նրանց աշխատավարձերը չեն բարձրացել։
Նախարարի խոսքով՝ պետական համակարգի աշխատակիցներն ավելի խոցելի են, քան նույն աշխատանքը կատարող մասնավոր հատվածի աշխատողները, դրա համար էլ պետք էր ավելացնել վճարը, որը նա պարգևավճար չհամարեց։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ հավելյալ աշխատավարձը ոչ թե ծրարներով են բաժանում, այլ կատարողականի հիման վրա պարգևավճարով են տալիս։
«Ավելի հեշտ էր, որ ինչ-որ մեկը գար, կանխիկով այդ փողը բաժաներ և այս թեման չլիներ, ոչ մեկը պարգևավճար չստանար և շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչը պետք է թափանցիկ, հասկանալի լինի, կարող է սկզբից կատարյալ չլինի... Կարծում եմ, որ մեր հանրությունը, եթե չասեմ, որ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է դժգոհի...
Պաշտոնյաները պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը հասցնել կատարելության,- ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան։
Այս պաշտոնյայի հայտարարությունը հիշեցնում է Ջորջ Օրուել-ի «Անասնաֆերմա»-ի այս հատվածը. «Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական և վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները»։