Չիլիում անտառային հրդեհների հետևանքով կա 19 զոհ և 1500 վիրավոր
Չիլիի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Ալվարո Էլիզալդեն Ազգային աղետների կառավարման ծառայության YouTube ալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։
«Այսօրվա դրությամբ մենք տեղեկություններ ունենք 19 մահվան մասին, իսկ 630 մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում», - ասել է նա։ Հրդեհները ոչնչացրել են առնվազն 325 տուն։ Վիրավոր բնակիչների թիվը գնահատվում է ավելի քան 1500։
Մի քանի համայնքներում տարհանում է հայտարարվել։ Չիլիի Ազգային անտառտնտեսության կորպորացիան հայտնել է, որ հրշեջները դեռևս պայքարում են 31 հրդեհի դեմ և ընդհանուր առմամբ այրվել է ավելի քան 32,600 հեկտար։
Հրդեհները սկսվել են հունվարի 17-ին՝ չոր և շոգ եղանակի պայմաններում։ Ամենաուժգին հրդեհները գրանցվել են Բիո-Բիո և Նյուբլ շրջաններում, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն։