ՀՀ-ի պատմության ողջ ընթացքում իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել, որքան հիմա. Փաշինյան
Վերջերս մի տեղ հանդիպման էինք, խոսողներից մեկն ասաց՝ «այս օրհասական ժամանակներում»։ Ասացի՝ «կներեք, բայց ժամանակները ինչո՞վ են օրհասական, կարո՞ղ եք բացատրել, ինչ-որ բան բաց եմ թողել». «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եթե նախկինում այդպիսի նախադասությունը սովորական էր հնչում, հիմա արդեն իր «ականջը ծակում է»։
Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ի շուրջ իրավիճակը գոյության պատմության ողջ ընթացքում ավելի կայուն երբեք չի եղել, որքան հիմա։
«Մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Մինչ այս պահը ո՞նց էր Հայաստանի ռեժիմը։ Խրիմյան Հայրիկի ժամանակներից ընդունված էր մեծ դռներ ծեծել՝ թղթե շերեփով կամ արծաթագույն ներկած շերեփով, որ մետաղի տպավորություն թողնի և այլն։ Իհարկե, մեծ գործընկերներն ունեն առանցքային նշանակություն, բայց արտաքին քաղաքականությունում շատ ընդունված է, որ ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետև չեն ուզում անիմաստ լեզվակռվի և բանավեճի մեջ մտնել։ Եվ մեր արձանագրումն էր՝ մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ճանապարհով ենք ուզում գնալ, և այդ պարագայում միջազգային օգնությունն ավելի ռեալ է լինում»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ իրենք հասկացան, որ հնարավոր է միջազգային թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը չճանաչելու։
«Եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թ. հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում»,- ասաց նա։