Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով
«2025-ին պաշտպանական ծախսերը կազմել են 664 մլրդ դրամ կամ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար։ 2018-ի համեմատ պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ շատ կարևոր է 2025 թ ծախսերը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի ծախսերի հետ։
Պաշտպանական ոլորտի ծախսերի համար քիչ գումարների տրամադրման վերաբերյալ քննադատություններին ու խոսակցություններին՝ նա նշեց, որ իր ներկայացրած թվերը խոսուն են։
«Ուզում եմ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք, 2025 թվականը համարենք գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող ծախսերի առումով, ընդհանրապես ոլորտ 2025-ին մեծապես շահել է»,-ասաց Պապիկյանը։
Նա առանցքային ու երրորդ հանրապետության համար շրջադարձային որակեց զինծառայության ժամկետի՝ 6 ամսով կրճատումը, այն ներկայացնելով բարեփոխում։