Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ինչին անզոր ենք հակազդել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երրորդ անգամ Հայաստանին և Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչ է անում:
Թե ինչու մինչ այս Ադրբեջանին զենք վաճառելու ժամանակ ՌԴ նախագահը չէր մտածում հնարավոր պատերազմական գործողությունների մասին, Newspress.am-ը պարզեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում:
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս հարցը հռետորական բնույթ է կրում և ավելի առարկայական պետք է մտածել, թե ինչ անել, որպեսզի այս վիճակից դուրս գանք:
Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունները բավականին բարդ են և միանշանակ Ադրբեջանին զենք վաճառելու քայլով չի կարելի գնահատել իրավիճակը: Քաղաքագետը նկատում է, որ գերտերություններ զենքեր են վաճառում տարբեր երկրների այնպես, ինչպես ԱՄՆ-ն երկար տարիներ զենք էր վաճառում և արաբական երկրներին, և Իսրայելին:
«Ցավոք սրտի դա գերտերությունների գործելաոճն է, որի դեմ փոքր երկրները մեծ հաշվով ոչինչ չեն կարող անել: Մեծ երկրներն այդպես անում են, որպեսզի կարողանան իրենց դիրքը պահել և այն երկրի վրա, որին զենք են վաճառում և հակադիր երկրի վրա: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, իհարկե, դուր չի գալիս Հայաստանին, սակայն դա իր շահերն ունի, որին անզոր ենք հակազդելու»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության ազդեցությանը և հրադադարի կոչերին, ապա ըստ նրա՝ հրադադարը պայմանական հասկացողություն է:
Երվանդ Բոզոյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի համար հրադադարը շահավետ է, որովհետև իրենք դիրքեր են գրավել:
«Նրանք հույս ունեն, որ այդ դիրքերը գրավելուց հետո կփորձեն կապիտալիզացնել դիվանագիտական ոլորտում: Եթե մենք զուտ մաքուր հրադադարի դաշինքի տեսակետից նայենք, ապա այս պահին էլ այդ հրադադարը կլիներ, եթե մենք համաձայնվենք ադրբեջանական այդ իրավիճակի հետ: Բայց հիմա նրանք ունեն դիրքային առավելություն»,-նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ չեզոքացնի այդ առավելությունը, և դիրքերը հետ վերցնի, որպեսզի վաղը դիվանագիտական առավելություն չունենա: