«Տեցի կրուգում» մահացու ելքով վրաերթից հետո ոչ սթափ վարորդը դիմել է փախուստի. մահացածը Չինաստանի քաղաքացի է
Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Մինչ կժամաներ քննչական խումբը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն է վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։
Պարեկները մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել են 2 քաղաքացիների։ Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ մեքենան իրենցն է, բայց իրենք իրենց համար կանգնած են։
Կարճ ժամանակում պարեկներին հաջողվել է պարզել, որ վրաերթը տեղի է ունեցել նշված մեքենայով, ինչից հետո նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով կասկածյալներին են Երևանի բնակիչներ 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Իսկ մահացածը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։