Փաշինյանը՝ իր «գոլդ» համարանիշը փոխում է,քանի որ «ՍՍ» տառերն արձանագրվել են որպես «Սերժ Սարգսյան»
Լրագրող Վահե Մակարյանը կառավարությունում կայացած ճեպազրույցում Փաշինյանին հիշեցրեց, որ նա ընդդիմադիր եղած ժամանակ պայքարում էր պետական «գոլդ» համարանիշների դեմ, բայց այսօրվա կառավարության որոշմամբ այսուհետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական մեքենայի համարանիշը դարձնել «1» թիվը և ՀՀ դրոշը։
Փաշինյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ վերանայել ենք և, այո, վերանայել ենք նաև այն տրամաբանությամբ, որ պետական որոշ ատրիբուտներ կան, որ մենք պետք է պահենք»։
Նա վստահեցրեց, որ այն անձնական քմահաճույքի հարց չէ, այլ պետական արարողակարգի հարց է։
«Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ» տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր և մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ անվանատառ կրի, այսինքը ես էլ չպետք է գրեմ «ՆՓ 001»»,- հայտարարեց Փաշինյանը։