Նախորդ տարի Հայաստան է այցելել ավելի քան 2,2 միլիոն զբոսաշրջիկ
2025թ-ին Հայաստան է այցելել 2 263 642 զբոսաշրջիկ։ Այսօրվա կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սա 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19,4-ով՝ 2019թ-ի ցուցանիշից։
Ըստ Պապոյանի՝ ՀՀ-ի զբոսաշրջային պատմության մեջ ամենաբարձր թվերը գրանցվել են 2023թ–ին։ Անցյալ տարի 216 հազարով պակաս զբոսաշրջիկ է ՌԴ-ից եկել, քան 2023թ–ին։ Սակայն փոխարենը այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ է եկել, ինչի շնորհիվ տարբերությունը մոտ 50 հազար է կազմել։
«Մեր քաղաքականությունները նրա մասին են լինելու, որ, օրինակ, ՌԴ-ի մասնաբաժինը, որը 52-53 տոկոս էր, իսկ հիմա 41 տոկոս, պահպանել Ռուսաստանի թվերը, շարունակել ավելացնել, բայց շարունակաբար ավելացնել այլ երկրների ծավալները»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան է եկել ավելի 139 հազար զբոսաշրջիկ, ինչի շնորհիվ, այսպես ասած, լավագույն դեկտեմբերն ենք ունեցել։
Կառավարության այսօրվա նիստում Պապոյանը ներկայացրեց ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ․ ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։