Հիմա ժողովրդավար երկիր է. քաղաքացին որ պահին ուզենա՝ հեղափոխություն կանի և ոչ մի ուժ չի կարող խանգարել. Փաշինյան
Կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավել, այսինքն՝ բյուջեն գերակատարվել է: Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըատ նրա, 2018 թվականի հեղափոխությունից ի վեր՝ Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով։
«Մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն ու բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, թե Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև՝ տնտեսական համակարգը։
«Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, մյուս կողմից, կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանում մարդն օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։
«Հայաստանում բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին։ Հայաստանի քաղաքացին որ պահին ուզենա՝ կարող է հեղափոխություն անել, որովհետև մենք 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել՝ պարզապես չկա այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը»,- հավատացրեց նա։