Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածանքները 1930-1941 թվականներին (մաս 1-ին, 2-րդ). Սասունյան
Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների նկատմամբ իրականացված հալածանքներն ու մարդու իրավունքների համակարգված խախտումները 1915 թվականին չեն ավարտվել։ Ցեղասպանությունից մեկ դար անց էլ թուրքական իշխանությունները շարունակում են ռասիստական, մերժողական և խտրական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ։
Վերջին ամիսներին Փաշինյանին աջակցող որոշ հայեր սխալմամբ պնդում են, թե Թուրքիան հետաքրքրված չէ Հայաստանի վրա հարձակմամբ: Այս պնդումներն անտեսում են ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, այլև Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը 2020 թվականի Արցախյան պատերազմին, որի հետևանքով մոտ 4000 հայ զինվոր զոհվեց և հազարավոր ուրիշներ վիրավորվեցին։ Բացի այդ, 1993 թվականին Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված շրջափակումը շարունակվում է մինչ օրս:
Քչերը գիտեն, որ 1993 թվականին Թուրքիան նույնիսկ քննարկել էր Հայաստանի դեմ ուղիղ ռազմական միջամտության հնարավորությունը։ Այդ ժամանակ Հայաստանում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսն ավելի ուշ իր հուշագրություններում նկարագրել է այդ կասեցված ծրագրի հանգամանքները:
Թուրք պատմաբան Այշե Հյուրը կազմել է թուրքական իշխանությունների հակահայկական, հակաասորական, հակահունական և հակահրեական քաղաքականության ընդարձակ ժամանակագրություն։ Նրա ցանկն սկսվում է 1923 թվականից և ավարտվում 2007 թվականին, երբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ թուրք ծայրահեղականի կողմից: 2018 թվականին Հյուրը ինքն էլ դատապարտվեց 15 ամսվա ազատազրկման՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, թեև դատավճիռը պայմանականորեն կասեցվեց՝ այն պայմանով, որ նա հինգ տարի շարունակ զերծ մնա նմանատիպ իրավախախտումներից։
Ահա նրա փաստագրված գրառման առաջին մասը․
- 1923 թվականի մարտի 16. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն Ադանայում ունեցած իր ելույթում հայտարարեց. «Երկիրը վերջապես հաստատվել է իր իսկական տերերի ձեռքում: Հայերը և մյուսներն այստեղ իրավունքներ չունեն: Այս բերրի հողերը բացառապես և իրավամբ թուրքական հողեր են»:
- 1923 թվականի հունիս. հրեա, հույն և հայ պաշտոնյաներին ազատեցին պետական պաշտոններից և նրանց փոխարինեցին մահմեդականներով: Անատոլիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների տեղաշարժի վրա սահմանափակումներ դրվեցին: Շատերը, որոնք ժամանակավորապես լքել էին իրենց տները, այլևս չկարողացան վերադառնալ: Միևնույն ժամանակ, խոչընդոտներ ստեղծվեցին Պաղեստին արտագաղթել փորձող հրեաների ճանապարհին:
- 1923 թվականի սեպտեմբեր. հրամանագիր ընդունվեց, որով արգելվեց հայերի վերադարձը, որոնք պատերազմի ընթացքում փախել էին Կիլիկիայից և Արևելյան Անատոլիայից։
- 1923 թվականի դեկտեմբեր. Չորլուի փոքրիկ հրեական համայնքին հրամայվեց 48 ժամվա ընթացքում լքել քաղաքը: Թեև որոշումը հետաձգվեց Գլխավոր ռաբբինատի բողոքից հետո, սակայն Չաթալջայի հրեաների նկատմամբ նմանատիպ հրամանն անմիջապես ուժի մեջ մտավ:
- 1924 թվականի հունվարի 24․ նոր օրենքով սահմանվեց, որ միայն «թուրքերը» պետք է լինեն դեղագործներ, ինչը փաստորեն արգելում էր ոչ մահմեդականներին զբաղվել այս մասնագիտությամբ։
- 1924 թվականի մարտի 3. Կրթության միավորման մասին օրենքի համաձայն՝ փակվեցին քառասուն ֆրանսիական և իտալական դպրոցներ: Ազգային փոքրամասնությունների դպրոցները բախվեցին խիստ սահմանափակումների՝ վերանորոգման, ընդլայնման և նոր շինարարության հարցերում: Նրանց ուսումնական ծրագրերն ու քննություններն անցան Ազգային կրթության նախարարության վերահսկողության տակ:
- 1924 թվականի ապրիլի 3. «Փաստաբանների մասին» օրենքի համաձայն՝ 960 փաստաբան անցել է «բարոյական նկարագրի» գնահատում, ինչի հետևանքով 460 փաստաբան զրկվել է արտոնագրից։ Հրեական ծագում ունեցող փաստաբանների 57 տոկոսը և հունական ու հայկական ծագում ունեցող փաստաբանների երեք քառորդը ստիպված է եղել թողնել մասնագիտությունը։
- 1925 թվականի հունվարի 29. hույն պատրիարք Կոնստանտինոս Արաբօղլուն բռնի ուժով գնացք նստեցրեցին և արտաքսեցին Հունաստանի Սալոնիկ քաղաք, պարզապես այն պատճառով, որ թուրքական կառավարությունը նրան չէր սիրում։ Հունաստանը դիմեց Ազգերի լիգային՝ վկայակոչելով Լոզանի պայմանագրի խախտումները, սակայն հետ վերցրեց բողոքը, երբ Թուրքիան սպառնաց վտարել հենց Պատրիարքարանը։ Միջադեպը հետագայում ներկայացվեց որպես կամավոր հրաժարում։
- 1926 թվականի փետրվարի 17. Քաղաքացիական օրենսգրքի ընդունումից հետո հայկական, հրեական և հունական համայնքների վրա ճնշում գործադրվեց հրաժարվելու Լոզանի պայմանագրով իրենց երաշխավորված փոքրամասնությունների իրավունքներից։
- 1926 թվականի ապրիլի 22. Օրենքով սահմանվեց, որ բոլոր առևտրային նամակագրությունը կատարվի թուրքերեն, ինչի հետևանքով հազարավոր ոչ մահմեդականներ, որոնք չէին տիրապետում գրավոր թուրքերենին, զրկվեցին աշխատանքից: Այս կարգավորման հետևանքով հինգ հազար հույներ կորցրեցին իրենց աշխատանքը:
- 1926 թվականի օգոստոսի 1. Թուրքիայի կառավարությունը հայտարարեց իր իրավունքի մասին՝ բռնագրավելու այն ամբողջ գույքը, որը ոչ մահմեդականները ձեռք էին բերել մինչև 1924 թվականի օգոստոսի 23-ը՝ Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը։
- 1927 թվականի օգոստոսի 17. Էլզա Նիեգոն՝ 22-ամյա հրեա կինը, սպանվեց Օսման Ռաթիփ բեյի ՝ ամուսնացած և թոռներ ունեցող մի տղամարդու կողմից, որը երկար ժամանակ հետապնդում էր այդ կնոջը։ Երբ հրեական համայնքը համարձակվեց բողոքել պետության կողմից հանցագործությունը թաքցնելու փորձերի դեմ, հակասեմական հարձակումների ալիք բարձրացավ մամուլում։ Մի քանի հրեաներ հետապնդվեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար։
- 1928 թվականի հունվարի 13. Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, ձգտելով հաճոյանալ վարչակազմին, լաստանավերի և տրամվայների վրա պաստառներ էին կախել՝ «Քաղաքացիներ, խոսե՛ք թուրքերեն» գրությամբ։ Թերթերը լայնորեն լուսաբանում էին քարոզարշավը, և շատ ոչ մահմեդականներ հետապնդվեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար՝ պարզապես իրենց մայրենի լեզվով խոսելու համար։
- 1928 թվականի ապրիլի 11. «Բժշկության և հարակից մասնագիտությունների գործնական իրականացման կարգի մասին» նոր օրենքը սահմանափակեց բժշկական գործունեությունը միայն «թուրք» համարվող անձանց համար՝ այդ մասնագիտությունից գործնականում զրկելով ոչ մահմեդականներին։
- 1929 թ․ սեպտեմբեր. Գանձապետարանը որոշեց հարկել նվիրատվությունները և փոխանցումները, որոնք կատարվում էին հրեական դպրոցներին, «Օր Ահայիմ» հիվանդանոցին, Օրթաքյոյի որբանոցին և սինագոգներին՝ դրանք համարելով առևտրային հաստատություններ։ Այս միջոցառումները կիրառվեցին հետադարձ ուժով՝ 1925 թվականից։ Գլխավոր ռաբբինատը, չկարողանալով վճարել այդ բարձր հարկերը, կանգնեց բռնագանձման վտանգի առաջ։ Կառավարության ճնշումը շարունակվեց, և նվիրատվությունները խստորեն վերահսկվեցին։
- 1929 և 1930 թվականներ. 18 ամսվա ընթացքում, Թուրքիայից 6373 հայեր ստիպված եղան արտագաղթել Սիրիա»։
Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մարդու իրավունքների համակարգված խախտումների երեք մասից բաղկացած հոդվածի երկրորդ մասն է, որը փաստագրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը.
- 1930 թ․ սեպտեմբերի 18. Թուրքիայի արդարադատության նախարար Մահմութ Էսաթ Բոզքուրթը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ. «Իմ կարծիքն ու համոզմունքն այն է, որ այս երկիրը բացառապես թուրքական է։ Նրանք, ովքեր զտարյուն թուրքեր չեն, թուրքական հայրենիքում ունեն միայն մեկ իրավունք՝ լինել ծառա, լինել ստրուկ»։
- 1930 թվականի հոկտեմբեր. քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ նորաստեղծ Ազատ Հանրապետական կուսակցության (SCF) ցուցակում ընդգրկված էին վեց հույն, չորս հայ և երեք հրեա թեկնածուներ, որի պատճառով իշխող Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) սկսեց կատաղի քարոզարշավ՝ ուղղած ոչ մահմեդականների դեմ։ Կուսակցությունը ստիպված եղավ ինքնալուծարվել իր ստեղծումից ընդամենը 99 օր անց։ Սակայն ոչ մահմեդականների նկատմամբ դժգոհությունը չդադարեց։
- 1932 թվականի հունիսի 11. ընդունվեց «Թուրքիայի քաղաքացիների համար նախատեսված արվեստի և ծառայությունների մասին» օրենքը, որն արգելում էր օտարերկրացիներին զբաղվել որոշակի մասնագիտություններով։ Օրենքը հատկապես ծանր հետևանքներ ունեցավ հույն քաղաքացիների համար՝ սահմանափակելով նրանց ազատ մասնագիտությունները, փոքր բիզնեսը և փողոցային առևտուրը։
- 1932 թվականի նոյեմբեր. Իզմիրի յուրաքանչյուր հրեա ստիպված եղավ ստորագրել պարտավորագիր՝ խոստանալով ընդունել թուրքական մշակույթը և խոսել թուրքերեն։ Նույնը կատարեցին նաև Բուրսայի, Քըրքլարելիի, Էդիրնեի, Ադանայի, Դիարբեքիրի և Անկարայի հրեաները։
- 1933 թվական. Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող Ասորական պատրիարքությունը, չկարողանալով դիմակայել թաքուն և բացահայտ ճնշումներին, Մարդինից ժամանակավորապես տեղափոխվեց Սիրիայի Հոմս քաղաք՝ «համաձայն համայնքի ցանկությունների» և «գիտակցված անհրաժեշտության պատճառով»։ Սակայն այդ ժամանակից ի վեր այն այլևս հնարավորություն չունեցավ վերադառնալ։
- 1934 թ․ հունիսի 14. համաձայն «Բնակեցման մասին օրենքի»՝ երկիրը բաժանվեց երեք խմբի․ «թուրքական մշակույթ ունեցող և թուրքերեն խոսողներ» (իսկական թուրքեր), «թուրքական մշակույթ ունեցող, բայց թուրքերեն չխոսողներ» (քրդեր) և «թուրքական մշակույթ չունեցող ու թուրքերեն չխոսողներ» (ոչ մահմեդականներ և այլք)։ Հույներն ու հայերն Անատոլիայի տարբեր վայրերից տեղահանվեցին իրենց համար հարմար նկատվող շրջաններ։
- 1934 թվականի հունիսի 21 և հուլիսի 4. հակասեմական և ռասիստական գրություններով հրահրված ամբոխները հարձակվեցին Չանաքքալեի, Գելիբոլուի, Էդիրնեի, Քըրքլարելիի, Լյուլեբուրգազի և Բաբաեսկիի հրեաների վրա: Այս իրադարձությունների ընթացքում թալանվեցին հրեական տներ և խանութներ, կանայք բռնաբարվեցին և մի ռաբբին սպանվեց: CHF-ի (հետագայում վերանվանվեց CHP, Հանրապետական ժողովրդական կուսակցություն) Թրակիայի մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում 15 հազար հրեաներ ստիպված եղան փախչել այլ քաղաքներ և երկրներ՝ թողնելով իրենց ունեցվածքն ու գույքը: CHF-ի պատրաստած զեկույցի համաձայն՝ Թրակիայում և Չանաքքալեում ապրող 13 հազար հրեաներից 3 հազարը տեղափոխվել էին Ստամբուլ, իսկ շատերը կորցրել էին իրենց ունեցվածքը թալանի հետևանքով և վաճառել իրենց գույքը ծայրահեղ չնչին գներով։
- 1937 թվականի հուլիսի 24․ «Ջումհուրիեթ» թերթում հրապարակված հայտարարության համաձայն՝ Անկարայի ռազմական անասնաբուժական դպրոց ընդունվելու պահանջներից մեկը՝ «թուրքական ծագում ունենալն» էր։
- 1938 թվականի օգոստոս. կառավարությունը հրապարակեց թիվ 2/9498 որոշումը, ըստ որի՝ «Հրեաներին, անկախ իրենց ներկայիս կրոնից, որոնք ենթարկվում են ճնշումների իրենց պետության տարածքում ապրելու և տեղաշարժվելու հարցում, արգելվում է մուտք գործել և բնակվել Թուրքիայում»։ Երկրի միակ պաշտոնական լրատվական գործակալությունում՝ «Անադոլու»-ում, աշխատանքից ազատեցին քսանվեց հրեա աշխատակիցների։ Թերթերում և ամսագրերում սկսվեց հոդվածների ու ծաղրանկարների հեղեղ, որտեղ երկրի տառապանքների համար սովորաբար մեղադրում էին փոքրամասնություններին, հատկապես՝ հրեաներին։
- 1938-1939 թվականներ. Անատոլիայի գյուղական վայրերում ապրող ոչ մահմեդականներին տեղափոխեցին խոշոր քաղաքային կենտրոններ՝ այն հիմնավորմամբ, թե նրանք կարող էին սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը մոտալուտ պատերազմի ժամանակ: Նրանք, ովքեր չէին կարողանում հարմարվել մեծ քաղաքների կենսապայմաններին, ստիպված էին արտագաղթել երկրից:
- 1939 թվականի հուլիս. Թուրքիայի կողմից Հաթայի [Իսքենդերուն] բռնակցման ժամանակ, տարածաշրջանի հայերը ճնշման պատճառով գաղթեցին Սիրիա։
- 1939 թվականի օգոստոսի 8. «Պարիտա» նավը, որը Եվրոպայի տարբեր վայրերից հավաքված 860 հրեա փախստական էր տեղափոխում Պաղեստին, ճանապարհին առաջացած խնդիրների պատճառով ստիպված եղավ ապաստան գտնել Իզմիրում։ Չնայած ուղևորների աղաչանքներին՝ «Սպանեք մեզ, բայց հետ մի ուղարկեք», օգոստոսի 14-ին նավը նավահանգստից դուրս բերվեց երկու ոստիկանական նավակների ուղեկցությամբ: Նավի հեռանալու պահին, CHP-ին մոտ կանգնած «Ուլուս» թերթը մի նյութ հրապարակեց՝ «Թափառող հրեաները լքեցին Իզմիրը» վերնագրով:
- 1939 թվականի դեկտեմբերի 28․ տեղեկանալով Երզնկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց, Թել Ավիվի, Հայֆայի, Բուենոս Այրեսի, Նյու Յորքի, Ժնևի, Կահիրեի և Ալեքսանդրիայի հրեական համայնքները գումար և հագուստ հավաքեցին և ուղարկեցին Թուրքիա։ Սակայն թերթերում հայտնվեցին հոդվածներ և ծաղրանկարներ, որոնք ծաղրում էին հրեական այս ժեստը և ենթադրում չարամիտ մտադրություն։
- 1940 թվականի դեկտեմբերի 12. «Սալվադոր» նավը, որը հայտնի էր որպես «լողացող դագաղ» (40 մարդու համար նախատեսված), Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից հասավ Ստամբուլ՝ տեղափոխելով 342 հրեա փախստականների: Չնայած պարզ էր, որ նավը ի վիճակի չէր նույնիսկ մեկ մղոն ճամփորդելու, թուրքական իշխանությունները ստիպեցին, որ այն շարունակի իր ճանապարհը: Հետևանքը ողբերգական էր. դեկտեմբերի 13-ին, Սիլիվրիի ափերի մոտ ուժեղ փոթորկի մեջ ընկնելով, «Սալվադոր» նավը խորտակվեց, իսկ նրա բեկորներում հայտնաբերեցին 219 դիակ:
- 1941 թվականի ապրիլի 22. ժանդարմները 12 հազար ոչ մահմեդական տղամարդկանց ուղարկեցին մոծակներով և մալարիայով լի ճամբարներ, որոնք տառապում էին խոնավությունից, ցեխից, ծայրահեղ շոգից և ջրի խիստ պակասից, զուրկ էին համապատասխան ենթակառուցվածքներից: Սերժանտների և սպաների՝ «Մոռացե՛ք Ստամբուլը» գոռոցները մնացին այդ շրջանը վերապրած բոլոր փոքրամասնությունների հիշողության մեջ։ Այս «զինվորները», որոնք հայտնի էին որպես 20-րդ պահեստազոր, ստիպված էին աշխատել ծանր աշխատանքային գումարտակներում, ինչպիսիք էին՝ թունելների շինարարությունը Զոնգուլդակում, Գենչլիկ այգու շինարարությունը Անկարայում, քարերի մանրացումը և ճանապարհաշինությունը Աֆյոն, Քարաբյուկ, Կոնիա և Քյութահիա նահանգներում։ Նրանք զորացրվեցին միայն 1942 թվականի հուլիսի 27-ին:
(շարունակելի)
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի