ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն առաջարկեց քառօրյայի օրակարգ մտցնել ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու հարցը, որին ի պատասխան, կիսելով Բագրատյանի մտահոգությունը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Նախագահը հանձնարարել է արտգործնախարարությանը աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ և երբ աշխատանքներն ավարտվեն, մենք կքննարկենք նաև այդ հարցը»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհդրի նիստի ժամանակ հանձնարարել էր Արտաքին գործերի նախարարությանը, համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»,- ասել էր Սերժ Սարգսյանը: