Ինչպես ծնվեց Քրիստոսը մթության մեջ, այդպես էլ Հայաստանը պիտի վերածնվի՝ ճշմարտության, հավատքի և ազգային արժանապատվության վրա. «Քոչարի» կուսակցություն
Սիրելի՛ հայրենակիցներ...
Այսօր՝ Հայկոց Սուրբ Ծննդյան լուսավոր օրը, մենք ոչ միայն նշում ենք Քրիստոսի ծնունդը, այլև կանգնում ենք հավերժական ճշմարտության առաջ. լույսը ծնվում է խավարի մեջ, բայց խավարը երբեք չի կարող հաղթել լույսին։
Սուրբ Ծնունդը հիշեցում է, որ ժողովուրդներն ապրում են ոչ միայն հացով ու իշխանությամբ, այլև հոգով, հավատքով և արժեքներով։
Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ գոյատևել է հենց հավատքի շնորհիվ, և Հայ Եկեղեցին եղել է մեր ազգային ինքնության սյուներից մեկը:
Այս սուրբ գիշերը, երբ երկինքն ու երկիրը միավորվում են աղոթքի մեջ, երբ լռության մեջ լսելի է դառնում ճշմարտությունը, մենք կանգնած ենք մի խորհրդի առաջ, որը հազարամյակներ շարունակ ուժ է տվել մարդուն դիմանալու, վերապրելու և վերածնվելու։
Սուրբ Ծնունդը պարզապես տոն չէ։
Սուրբ Ծնունդը հիշեցում է, որ Լույսը ծնվում է մթության մեջ, և որ նույնիսկ ամենածանր ժամանակներում Աստված չի լքում մարդուն։
Այսօր մեր ժողովուրդն անցնում է դժվար փորձությունների միջով։
Սուրբ Ծնունդը և օրվա շնորհավորանքը հերթականը լինել չի կարող… Նախախնամության հրամայականով այն բացառիկ խորհուրդ ունի…
Համայն Հայոց Զանգակատան ղողանջները համառորեն ավետում են Հայոց Նոր դարաշրջանի հայտնության ԱՎԵՏԻՍԸ… Հայոց Աստվածների սթափեցնող ապտակն ու ժամանակի հրամայականը՝
Արթնանալ, ապրել ու արարել ՀԱՅՔՈՒՄ… Որպես՝ համընդհանուր արդարությանը հետամուտ, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, նրա ոտնահարված իրավունքներն ու անբեկանելի պահանջատիրությունը կյանքի կոչող իրական ՍՈւԲՅԵԿՏ ու կառավարման Նորովի Համակարգ…
Այլընտրանքը՝ հակաքաղաքակրթական կործանող ու կործանվող աշխարհակարգն է… Այլընտրանք լինել չի կարող…
Մեր հավատը փորձության մեջ է, մեր եկեղեցին՝ ճնշումների տակ, մեր հոգևոր ինքնությունը՝ վտանգի առաջ։ Եվ սա միայն դավանանքի հարց չէ․ սա ազգային անվտանգության, ինքնության և արժանապատվության հարց է։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի ողնաշարն է եղել դարերի ընթացքում։
Երբ պետություն չենք ունեցել, Եկեղեցին է պահել մեզ։
Երբ սուրը բարձրացել է մեր գլխին, խաչն է մեզ կանգնեցրել։
Երբ փորձել են ջնջել մեր անունը, Եկեղեցին է փոխանցել մեր լեզուն, մեր հավատը, մեր ինքնությունը։
Եկեղեցու դեմ հալածանքը վտանգավոր է, որովհետև երբ հարվածում են Եկեղեցուն՝ հարվածում են ժողովրդին, երբ նսեմացնում են հավատը՝ նսեմացնում են մարդուն։
Հիսուս Քրիստոսն ասել է.
«Այս վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթ. 16:18)։
Սա խոստում է։
Ոչ միայն Եկեղեցու գոյատևման, այլև ճշմարտության հաղթանակի մասին։
Եվ Նա նաև ասում է.
«Ով հալածում է ձեզ, Ինձ է հալածում»։
Այս խոսքերն այսօր ավելի քան երբևէ կենդանի են։
Մենք չենք կարող լուռ մնալ, երբ փորձ է արվում խզել կապը ժողովրդի և իր հոգևոր տան միջև։
Մենք չենք կարող ընդունել մի իրականություն, որտեղ հավատը ներկայացվում է որպես խոչընդոտ, իսկ ազգային արժեքները՝ որպես անցյալ։
Սուրբ Ծնունդը մեզ հիշեցնում է՝
Աստված ծնվեց ոչ թե պալատում, այլ աղքատ մսուրում։
Ոչ ուժի, այլ սիրո միջոցով։
Ոչ սրի, այլ ճշմարտության միջոցով։
Եվ սա է մեր ուղին։
Մենք հավատում ենք Հայաստանին, որը կանգնած է իր հավատքի վրա։
Մենք հավատում ենք պետությանը, որը չի պատերազմում իր Եկեղեցու դեմ։
Մենք հավատում ենք ժողովրդին, որը չի ամաչում իր հավատից, իր պատմությունից, իր արմատներից։
Այս սուրբ օրը մենք աղոթում ենք մեր նահատակների հոգիների համար, մեր վիրավոր հայրենիքի բժշկության համար, և մեր ժողովրդի արթնության համար։
Թող Սուրբ Ծնունդը նոր լույս բերի յուրաքանչյուր հայ ընտանիքի տուն։
Թող այն վերականգնի հավատը՝ վաղվա օրվա հանդեպ։
Թող այն հիշեցնի մեզ, որ հայ լինելը միայնազգություն չէ, այլ կոչում է։
Եվ ինչպես ծնվեց Քրիստոսը մթության մեջ, այդպես էլ Հայաստանը պիտի վերածնվի՝ ճշմարտության, հավատքի և ազգային արժանապատվության վրա։
Սուրբ Ծնունդը թող լինի մեր ներքին հաղթանակի սկիզբը։
Եկել է պատմական պահը Ավետման… Անխուսափ գիտակցման, արարչական կամքի, մեծագործության մղող առաքելական արթնացման…
Հույսի և Հավատի խորին հավաստումը Ձեզ՝ Հայաստանի բացվող Լուսաստղին ընդառաջ եկող ՄՈԳԵՐ…
Բացվում է Հայոց հրաշափառ Արշալույսը…
Ձեզի, մեզի Մեծ Ավետիս…
Քրիստոս ծնվեց և հայտնվեց։
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։
«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն