Վրաստանում ադրբեջանական մի քանի ՀԿ-ներ են աջակցություն հայտնել Ադրբեջանին
«Վրաստանում, ընդհանուր առմամբ թե՛ հասարակական, և՛ թե քաղաքական հարթակներում չեզոք դիրքորոշման գերակայություն է նկատվում: Նախկին ժամանակներից, այդ առումով, իրավիճակը տարբերվում է, առաջ ավելի շատ ադրբեջանամետություն էր նկատվում»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Ինչ վերաբերում է Վրաստանի ազգային լեգիոնի հրամանատարի Ադրբեջանին պաշտպանող հայատարությանը, ապա վրացագետը նշեց, որ խոսքը Ուկրաինայում ռուսների դեմ կռվող վրացի զինվորականի կողմից արված հայտարարության մասին է. դրանք հատուկ ջոկատի մարտիկներ են, որոնք արդեն ենթարկվում են ուկրաինական ԶՈՒ-ին՝ ի դեպ բարձր վարձատրության դիմաց: Նրանք ունեն այնտեղի զինգրքույկներ, և դա ավելի շատ անձնական կարծիք-մոտեցում է Ղարաբաղյան իրադարձությունների առնչությամբ, ինչը չի արտացոլում վրաց հասարակության կամ վրացական իշխանությունների տեսակետները, որոնք բացառապես չեզոք դիրքերն են ներկայացնում, այսինքն խաղաղության կոչ են անում և նաև իրավիճակի կարգավորման գործընթացում միջնորդի կարգավիճակով հանդես գալու պատրաստակամություն հայտնում:
Ըստ Ա. Էրոյանցի, ադրբեջանական կողմի ներկայացրած այն տեղեկատվությունը, թե Վրաստանի պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ վրացական պաշտոնական տեղեկատվության մեջ նման մոտեցում նշված չէ:
«Այն մասին, որ վրացիներ են պատրաստվում մարտերին ընդգրկվել և հանդես գալ Ադրբեջանի կողմից, բացի վերոնշյալ դեպքից այլ տեղեկատվության չեմ հանդիպել: Կարող եմ նշել, որ ադրբեջանական համայնքի մի քանի ՀԿ-ներ աջակցություն են հայտնել Ադրբեջանին: Ղարաբաղյան զարգացումներին վրացական ԶԼՄ-ների անդրադարձի հետ կապված ասեմ, որ մեկ-երկու լրատվամիջոցից բացի (թեև այսօր արդեն այդ երկուսն էլ փոխել են աշխատաոճը), տեղեկատվությունը ներկայացվել է անաչառ, այսինքն՝ թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունները ներկայացվում են հավասարապես»,-ասաց Ալիկ Էրոյանցը: