Նիդեռլանդներում տոնական շոուի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան վիրավորներ
Նիդեռլանդների Նունսպիտ քաղաքում տոնական լուսային շոուի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով առնվազն ինը մարդ է վիրավորվել։
Այս մասին հայտնել է տեղական RTL հեռուստաալիքը։ Տեղեկատվության համաձայն՝ մեքենայի վարորդը՝ 56-ամյա տեղացի կինը, թեթև վնասվածքներ է ստացել և ձերբակալվել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։
«Ինը մարդ վիրավորվել է, որոնցից երեքը ծանր վիճակում են։ Դեռևս հանցագործության հետքեր չկան, բայց ոստիկանությունը հետաքննություն է վարում», - ասվում է Գելդերլանդի իրավապահ մարմինների կողմից X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, և ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում վթարի վայրում։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են տոնական միջոցառման վաղաժամ ավարտի մասին։