Ռուսական բանակը զանգվածային հարձակում է իրականացրել Օդեսայում և Ժիտոմիրում. կան վիրավորներ
Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ժիտոմիրի և Օդեսայի մարզերի էներգետիկ օբյեկտներին։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնաս է հասցվել տրանսպորտային, արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ժիտոմիրի մարզի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել են «Ուկրզալիզնիցա» ընկերության չորս աշխատակիցներ։
Երկաթուղային գծերի վրա վթար է տեղի ունեցել։ Փրկարարները վիրավորներին տարհանել են վնասված շոգեքարշներից և հանձնել բժշկական անձնակազմին։ Բոլոր հրդեհները մարվել են, և վերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Օդեսա մարզում, նախնական տեղեկությունների համաձայն, ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։ Հրթիռային հարձակումը հրդեհներ է առաջացրել քաղաքի և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում։ Վնասվել են նաև պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի պահեստային շենքերը։