Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք. Ասողիկ աբեղա
Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքում գրում է.
«Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» գործակալ է:
Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք:
Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:
Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել:
Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել է բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:
Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ: Իսկ թե ինչո՞ւ՝ այլևս պարզ է ու որոշ ամենքի համար:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն»։