Առավոտյան առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական կողմը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները: Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկահաղորդագրություններում»,-ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: