Երեխա դաստիարակել չկարողանալն այլ հարց է. Սրբուհի Գալյանը ՔԿՀ պետի տեղակալին ծառայությունից չի ազատի՝ որդու դաժան ծեծին մասնակից լինելու պատճառով
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի լիազորությունները չեն դադարեցվի միայն այն պատճառով, որ նրա որդին Զորական գյուղում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծեծի ենթարկողներից մեկն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Եթե ձեռք բերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, այդ հարցը կքննարկենք։ Եթե հեռացնեինք, կստացվեր, որ ուղղակի հաշվեհարդար ենք տեսել»,– ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դեռևս տվյալներ չեն ստացել, թե հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը կամ որևէ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է պայմաններ ստեղծել, որ որդին ավելի բարենպաստ պայմաններում կրի պատիժը։
Նա նշեց, որ դրական կարելի է համարել այն, որ ՔԿՀ ծառայողի երեխան նույնիսկ կարող է տեղափոխվել ՔԿՀ՝ խափանման միջոցը կրելու համար։ «Այսինքն՝ այնպիսի իրավիճակ ունենք, որ նույնիսկ համակարգի աշխատողի ընտանիքի անդամներն անձեռնմխելի չեն և չեն կարող լինել, ինչը ուրախալի փաստ է»,– ասաց նա։ Իսկ թե քանի օր է կրել պատիժը, ավելացրեց՝ այնքան, որքան դատարանն է նշանակել՝ 20 օր։
Սրբուհի Գալյանը ընդգծեց, որ ցանկացած բռնություն դատապարտելի է։ «Պետք է հետևություններ անի հայրը, ընտանիքը, ցանկացած ընտանիք, որը մեծացնում է երեխա, և հետևություններ կանենք նաև մենք»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ իրենք հստակ գիտեն, թե ինչ ծառայողներ են պետք՝ բարեվարք, անկաշառ, պրոֆեսիոնալ։ «Երեխա դաստիարակել կարողանալ, չկարողանալն այլ հարց է։ Մեր երկրում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը չի գործում, այլ՝ անձնական պատասխանատվության, և անձը ինքն է պատասխանատու հակաիրավական արարքի համար»,– ասաց նա։