Ադրբեջանը հայտարարել է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է կրակել
Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ նմասին նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարության, թե միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում։
«Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին և սա շահարկում է»,- ասաց Բաբայանը` ավելացնելով, որ Արցախը մշտապես կառուցողական երկխոսության և հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամություն է հայտնել:
Բաբայանի խոսքով, սակայն, սա չի նշանակում, որ ԼՂՀ-ն թույլ է և չի կարող պաշտպանել իր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը: