Ընտանիքիս անդամները տհաճ իրավիճակում են հայտնվել իշխանությունների թեթև ձեռքով. Արշակ Սրբազան
Քննչական կոմիտեն ինձ վերագրվող տեսագրության վերաբերյալ մեկ օրվա մեջ նշանակել է փորձաքննություն և մեկ օրվա մեջ դրա արդյունքները փոխանցել է այդ քննության հետ կապ չունեցող անձին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ Սրբազանը։
«Երբ օբյեկտիվ փորձաքննություն ես ուզում պատրաստել, ապա պետք է ներգրավվես այն անձին, ով ներգրավված է այդ հարցում։ Մինչդեռ բացարձակ նման երևույթ չի եղել։
Ես իրենց հայտարարել եմ, որ այս գործը պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ՝ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը և ով տարածել է։ Իհարկե, ես չեմ այդ տեսագրության մեջ»,-ասաց Արշակ Սրբազանը։
Նա նշեց, թե իր քեռակինը նույնպես կանչվել է Քննչական կոմիտե.
«Տհաճ է ինձ այս հարցերին պատասխանելը. այո՛, կանչվել է, և նույնն էլ իր դիրքորոշումն է։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ շատ տհաճ, անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ միանշանակ դա ժխտում են, չի կարող այդպիսի բան եղած լինել»։