«Քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է՝ կլանելով մաքսիմումը». Սուրեն Սարգսյան
Սուրեն Սարգսյանը գրում է. «Վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչու է ԱՄՆ-ը Հարավային Կովկասի գործընթացները դիտարկում թուրքական (թյուրքական) գործոնի տեսանկյունից։ Իրականում սա բավականին պրագմատիկ հաշվարկ է ամերիկյան արտաքին քաղաքականության համատեքստում և մեծ պատկերի միայն մի մասն է։ ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի (միանշանակ նաև Իրանի) դեմ։ Այսինքն՝ ուժեղ Թուրքիան (ներգրավված նաև թյուրքական աշխարհի գաղափարախոսական հենքում) կարող է խնդիրներ ստեղծել Մոսկվայի և Պեկինի համար՝ սկսած Հարավային Կովկասից և Սևծովյան տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը կենսական շահեր ունեն։
Նման մոտեցում Վաշինգտոնը ունի նաև Հնդկաստանի նկատմամբ՝ Դելին դիտարկելով որպես բնական հակակշիռ Չինաստանի դեմ, որքան էլ այդ մոտեցումը դժգոհություն առաջացնի Հնդկաստանում։
Այսպիսով, քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է՝ կլանելով մաքսիմումը (լինի դա Արցախ, Սիրիա, միջանցքներ ու ճանապարհներ, ազդեցություն թյուրքական պետություններում և այլն:) Ինչ վերաբերում է մեզ, ապա Հարավային Կովկասում զսպման ու հակակշռման մեխանիզմների բացակայության պայմաններում այս բնական գործընթացը շարունակվելու է մինչև բալանսի վերականգնումը:
Ինչպես ասում են, «свято место пусто не бывает»»: