Հայաստանի դեպի Արևմուտք շարժը հնարավոր է բացառապես Թուրքիայի միջոցով. Քաղաքագետ
«Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա մտնել ԵՄ, ապա Գերմանիան կլինի հուսալի և բարեհամբույր գործընկեր։ Իսկ ինչո՞ւ է այսպիսի հայտարարություն հնչում հենց հիմա։ Կարծում եմ հասկանում եք, որ Թուրքիայի անհրաժեշտությունը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ ԵՄ-ը պատրաստվում է նոր անվտանգային համակարգ կառուցել, որտեղ Թուրքիան կլինի հիմնական դերակատարը»,-գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նա մանրամասնում է. «Իսկ այսպիսի հնարավորություն առաջացել է, քանի որ այլեւս նախկին խոչընդոտները չեն լինի` քրդական խնդիր և PKK զինյալ պայքար, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ, եթե Հայաստանի իշխանությունները վերարտադրվեն։ Իսկ վերջիններիս վերարտադրման համար թե‘ ԵՄ-ը, թե‘ Թուրքիան վստահ եմ, որ ամեն ինչ կանեն։
Մենք բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Հայաստանի դեպի Արևմուտք շարժը հնարավոր է բացառապես Թուրքիայի միջոցով։ Հայաստանի արժեքը ԵՄ-ի համար այն է, որ Հայաստանը կամբողջացնի տարածաշրջանի ինտեգրումը, իսկ առանց տարածաշրջանի մյուս երկրների նման ինտեգրումը լիովին անիմաստ է։ Ինչպես ասում էր Բոնապարտը. «Քաղաքականության իմացությունը հավասար է աշխարհագրության իմացությանը»: Դե իսկ բովանդակային առումով սա կնշանակի Հայաստանի ինտեգրում նախ Թուրքիային։
Դե իսկ ովքեր բացառապես արժեքային պատկանելությամբ են տեսնում ԵՄ-ը և կարծում են, թե ցեղասպան ու բռնապետական Թուրքիան չի կարող լինել ԵՄ ընտանիքի անդամ, նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է միջազգային քաղաքականությունը»։