Անչափահասների կողմից հասակակցի նկատմամբ դաժան վերաբերմունքի պատասխանատուն իշխանությունն է. փաստաբան
Երեկվանից համացանցում տարածված տեսանյութն անչափահասների կողմից հասակակցի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հասարակության պառակտման, հայի տեսակավորման, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության սերմանման, ձևավորված արատավոր բարքերի արդյունք է, ինչի առաջնային պատասխանատուն ՀՀ օրվա իշխանությունն է, քանի որ իր հարատևությունը պատկերացնում է նման երևույթների մեջ։ Այս մասին իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սերունդների այսպիսի դաստիարակությանը նաև նպաստում է հայրենասիրության պակասը, անհարկի ու չփոխադարձված խաղաղասիրական ձգտումներով հայի համար սեփական հայրենակցի ու ադրբեջանցու միջև տարբերություն չդնելու՝ քարոզվող մոտեցումը։
Այսպիսի դեպքերում շատ ավելի կարևոր է հոգեբանական կողմի բացահայտումը, քանի որ զուտ իրավական տեսանկյունից անչափահասների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարք է, գուցե նրանցից ոմանք դեռ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինեն, և առհասարակ՝ հետագա խիստ պատժի հեռանկարներ չկան, ուստի նրանց այդ գործողությունների, նման դաստիարակության համար հասարակական պարսավանքը պետք է կրեն նաև նրանց ծնողները։ Եվ սա բացառիկ երևույթ չէ, քանի որ ամեն օր ավագ դպրոցների, ԲՈՒՀ-երի բակերում կարելի է ականատես լինել այդպիսի տեսարանների»։