Սիսում բախվել են գնացքն ու մարդատար մեքենան
Այսօր կրկին Արարտի մարզում բախվել են գնացքն ու մարդատար մեքենան։ Shamshyan.com-ից հայտնում են, որ ժամը 10:40-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները:
Նշած վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և ավտոմեքենայի միջև, նախորդ դեպքը, ցավոք, ողբերգական էր, իսկ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է։