Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը դասական քաղաքական բանտարկյալներ են․ Դավիթ Ֆիդանյան
«Այս ռեժիմից որևէ բան սպասելի չէ, հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության, Սահմանադարության պաշտպանության համատեքստում»,- «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկմանն ասաց Antifake կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Ըստ նրա, այս ռեժիմից սպասել վերոգրյալ արժեքների պաշտպանության մասով մի բան, նման է նրան, որ Իլհամ Ալիևից սպասել հայատյացության և ՀՀ հանդեպ ագրեսիվ քաղաքականության դադարեցմանը։
Նա նշեց, որ դիմում է հայրենակիցներին՝ հիշեցնելով, որ այս իշխանությունները խոստացել են արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանություն։
«Արդյոք այս 7 տարիների ընթացքում վարչախումբն ապահովե՞լ է մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության իրականացումը, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը երկրում։ Իհարկե, ոչ։ Մերկապարանոց հայտարարություններ չանելու համատեքստում հարյուրավոր օրինակներից զատ ամենավերջինը մեջբերեմ. օրեր առաջ ռեժիմի կողմից ազատ մամուլի դեմ իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում ձերբակալվեցին «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, խուզարկություններ արվեցին Antifake-ի գրասենյակում, առգրավվեց ողջ տեխնիկան, փորձ արվեց պարալիզացնել ընդդիմադիր մեդիայի գործունեությունը»։
Ֆիրդանյանը հայտարարեց, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը դասական քաղաքական բանտարկյալներ են, այն բանի համար, որ կալանավորվել են շինծու քրեական հոդվածով, այն բանի համար, որ չեն հանդուրժել, հանդուրժում, հանդուրժելու այն աղետալի քաղաքականությունը, որը վարվում է այս ռեժիմի կողմից։
«Նրանք քաղաքական բանտարկյալներ են, քանի որ չեն հանդուրժել, հանդուրժում, հանդուրժելու գործող ռեժիմի կողմից ազգային արժեքների ուրացումը, մարդու իրավունքների ոտնահարումը։ Իրենք ամուր կանգնած են իրենց սկզբունքներում»,- ասաց Ֆիդանյանը։