Արամ Սարգսյանի եղբոր փեսան փորձում է ձեռքերն ազատել Կոմիտասի շուկայի հուշարձան-շենքի սահմանափակումներից. Ազատություն ՌԿ
Երևանում նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող Կոմիտասի շուկայի շենքի հետ կապված շրջադարձային իրադարձություններ կարող են տեղի ունենալ սեփականատիրոջ կողմից դատարան ներկայացրած երկու հայցերի ու դատական որոշումների պատճառով։ «Ազատություն» ՌԿ-ի փոխանցմամբ, շենքը պատկանում է «Ջի թի բի թաուեր» ընկերությանը, որի սեփականատերը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր փեսան է՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրում «Ջի թի բի թաուեր»-ի սեփականատեր հանդես է գալիս նրա կինը՝ Նոնո Սարգսյանը։
Նրանք վարչական վերաքննիչ դատարանում ԿԳՄՍ նախարարության դեմ հայցով հասել են մի որոշման, ըստ որի շուկայի շենքը չունի հուշարձան դառնալու հիմքեր, իսկ մյուսով որպես հայցի ապահովման միջոց, դատարանը ԿԳՄՍՆ-ին արգելել է շենքը հուշարձանների պետական ցուցակում ներառել ու ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս գործողությունները կասկածներ են առաջացնում, որ կառուցապատողը շենքի հետնամասում բարձրահարկ կառուցելուց զատ նպատակ ունի նաև հուշարձանի տեսքի հետ կապված փոփոխություններ կատարել, այդ նպատակով է սկսել դատական գործընթացները։
Ավելի վաղ ընկերությունը հերքել էր շենքի արտաքին տեսքի որևէ փոփոխության մասին խոսակցությունները։
Աղբյուրը մանրամասնում է՝ մինչև 2022-ի սեպտեմբերը Կոմիտասի շուկայի ու դրա հետնամասի հողամասի սեփականատերերն էին ՀՅԴ-ականներ Հակոբ Մաթիյանը, Սիմոն Սիմոնյանը, Քևորք Խարչաֆջյանը։ Այնուհետև շենքը գնեց Նոնո Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի դուստրը, ընկերության անունը փոխվեց՝ «Յունիոն-Սերվիս»-ից դառնալով «Ջի թի բի թաուեր»։ Ընկերությունը շուկայի հետևի հատվածում 4400 քառակուսի մետրի վրա մտադիր է կառուցել 25 հարկանի բնակելի համալիր, որը կներառի նաև լողավազան, մարզասրահ, պենտհաուսներ։ Կայքում ներկայացված նախագծում շուկայի շենքի արտաքին տեսքի փոփոխություններ չկան։
«Ջի թի բի թաուեր»-ը անհիմն է համարում անցած դարի 50-ականներին կառուցված շուկայի շենքին հուշարձանի կարգավիճակ տալը:
Կոմիտասի շուկայի շենքը Մշակույթի նախարարության (կրթության, գիտության նախարարություններն ու մշակույթի նախարարությունն այդ ժամանակ դեռ չէին միավորվել) փորձագիտական հանձնաժողովի կողմից նորահայտ հուշարձան է ճանաչվել 2019-ի մայիսին՝ համապատասխան արձանագրությամբ։ 2023-ից սկսած դատական գործընթացներում «Ջի թի բի թաուեր»-ը փորձել և հասել է նրան, որ դատարանը որոշել է՝ շուկայի շենքը հուշարձան դարձնելու իրավական հիմքեր չկան։ Վարչական դատարանն այս մարտին ընկերության հայցը մերժել է, սակայն հոկտեմբերի 2-ին վարչական վերաքննիչը բավարարել է «Ջի թի բի թաուեր»-ի հայցն ամբողջությամբ։
Դատական գործի ուսումնասիրությունից երևում է, որ «Ջի թի բի թաուեր»-ը իր հայցի հիմքում դրել է այն, որ Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը Կոմիտասի շուկայի շենքը նորահայտ հուշարձան է ճանաչել համապատասխան նիստի արձանագրությամբ, այնինչ նիստի արձանագրությունը չի կարող համարվել վարչական ակտ, այլ միայն փորձագիտական եզրակացությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։