Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
Նանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
Հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը (անվերջ շրջապտույտներ, ճոճումներ)։ Այս վարքը, ըստ FPWC-ի մասնագետների, ուղղակիորեն ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման՝ առաջացած անհրաժեշտ պայմանների ու միջավայրի բացակայության հետևանքով։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում սկսվեց նրա բարդ և երկարատև ապաքինման գործընթացը։ WRC-ում Նանարի համար ապահովել է.
- Տեղափոխվել է ընդարձակ, բուսականությամբ և թաքստոցներով ազատավանդակ, որը ներառում է նաև լողավազան՝ բնական բնազդները խթանելու համար։
- Ստանում է անհատականացված կերակրման ծրագիր և մշտական կենդանաբուժական ու վարքագծային հսկողություն։
Չնայած անցյալի ծանր հետքերին, Նանարն այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը և ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ՝ ձմեռային քուն է մտնում։
«Նանարի պատմությունը ոչ միայն արջի փրկություն է, այլև հստակ դաս, որ վայրի կենդանիները ժամանցի առարկա չեն կարող լինել։ Նրա ապաքինումը ցույց է տալիս փրկարար կենտրոնի կենսական դերը՝ ապահովելու երկարաժամկետ բարեկեցություն նրանց համար, ում գերել է մարդը»,- ասում է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նանարի պատմությունը միայն մեկն է այն տասնյակ արջերի պատմությունից, որոնք փրկվել են ծրագրի շրջանակում։ FPWC-ն կոչ է անում հանրությանը և լրատվամիջոցներին՝ աջակցել Կենտրոնի աշխատանքներին, որպեսզի Նանարը և մյուս փրկված կենդանիները շարունակեն ապրել անվտանգ և բարեկեցիկ պայմաններում։ Հիմնադրամը հիշեցնում է նաև, որ վայրի կենդանուն անազատության մեջ պահելն առաջացնում է ծանր հետևանքներ թե՛ կենդանու, թե՛ հասարակության և պետության համար։