Եմենում նահանգապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել. կան վիրավորներ
Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգի նահանգապետի ավտոշարասյան վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ երկու հարձակվողներ վնասազերծվել են։
Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ըստ հաղորդագրությունների՝ հարձակման թիրախը նահանգի նահանգապետ Նաբիլ Շամսանն էր։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող հարևան Լահջ նահանգում։ Հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության հինգ աշխատակից, վնասազերծվել են երկու հարձակվողներ, կան նաև վիրավորներ։ Հստակ չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում, և ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։
Անվտանգության և ռազմական ուժերը աշխատում են հարձակման համար պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։