Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի թարմացված նախագիծը պատրաստ է. Սպիտակ տուն
Ժնևում տեղի են ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցություններ Միացյալ Նահանգների խաղաղության առաջարկի վերաբերյալ։ Բանակցությունները կառուցողական և կենտրոնացված էին՝ ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու համատեղ հանձնառությունը։
Այս մասին ասվում է Ժնևյան բանակցություններից հետո Սպիտակ տան հայտարարության մեջ։
Կողմերը նշել են խորհրդակցությունների բարձր արդյունավետ բնույթը՝ ընդգծելով դիրքորոշումների համաձայնեցման և հաջորդ քայլերի հստակեցման գործում զգալի առաջընթացը։ Պատրաստվել է թարմացված և կատարելագործված խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը, մասնակիցների կարծիքով, լիովին երաշխավորում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովում է կայուն և արդար խաղաղություն։
Ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմը դադարեցնելու և մարդկային կորուստները կանխելու ուղղությամբ անխոնջ ջանքերի համար։
Կողմերը համաձայնել են առաջիկա օրերին շարունակել համատեղ առաջարկների վրա ինտենսիվ աշխատանքը և ողջ գործընթացի ընթացքում սերտ կապ պահպանել իրենց եվրոպացի գործընկերների հետ։