Լիբանանը պատրաստ է բանակցություններ վարել Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր մշակելու համար. Լիբանանի նախագահ
Լիբանանը ձգտում է դադարեցնել Իսրայելի հարձակումները իր տարածքում և պատրաստ է բանակցություններ վարել՝ խաղաղություն և կայունություն ապահովող համաձայնագիր մշակելու համար։
Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը՝ երկրի անկախության 82-ամյակին նվիրված հեռուստատեսային ելույթում։
«Ես հաստատում եմ, որ մենք պատրաստ ենք ՄԱԿ-ի կամ Միացյալ Նահանգների հովանու ներքո բանակցություններ վարել՝ ռազմական գործողությունների մշտական դադարեցման վերաբերյալ համաձայնության հասնելու համար, որը կապահովի մեր սահմանների անվտանգությունը», - հայտարարել է Աունը։
Նախագահի խոսքով՝ Լիբանանի բանակը ունակ է ապահովել կայունությունը սահմանային շրջաններում և վերահսկողություն հաստատել Իսրայելի կողմից օկուպացված հինգ ռազմավարական բարձունքների նկատմամբ:
Նա նաև ընդգծել է, որ Լիբանանը, մյուս արաբական պետությունների հետ միասին, պատրաստ է մասնակցել պաղեստինյան հարցի լուծման խաղաղ գործընթացին: