Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնեցին քննչական կոմիտեից։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Մամուլը գրել էր, որ Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել են, նա պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, ուներ մանկահասակ երեխա։ Այշատը փախել էր Չեչնիայից և ապաստանել Երևանում։ Հոկտեմբերի 19-ին Երևանի Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում Ոստիկանությունը հայտնաբերել էր 23-ամյա Այշատի դիակը։
Սպանությունից հետո ռուսական տելեգրամ ալիքներից մեկը հրապարակել էր Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության հետ հնարավոր կապ ունեցող անձանց անունները։ Սպանությունից կարճ ժամանակ անց այն բնակարանից, որտեղ գտել են Այշատ Բեյմուրադովային, դուրս է եկել երկու անձ։
«Նրանցից մեկը Կարինա Իմինովան է, հանրությանը ավելի հայտնի որպես Այշատի «ինստագրամյան» ընկերուհի, որի հետ զոհը դուրս էր եկել հանդիպման և անհետացել էր։ Իսկ մյուս անձը Չեչնիայից 30-ամյա Սաիդ-Համզադ Բայսարովն է»,-գրել էր աղբյուրը։