Նման ձևով ձերբակալվում են միայն այն անձինք, ովքեր քննադատում են քաղաքական իշխանություններին. Մելոյանը՝ Սաղաթելյանի ու Սամսոնյանի ձերբակալությունների մասին
«Լուսադեմից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է բնակարանները, այնուհետև՝ ձերբակալել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին՝ խոչընդոտելով վերջիններիս փաստաբանների գործունեությանը։
Ակնայտ է, որ վերջիններս չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը և թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին»,- նշել է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը։
Ըստ նրա, եթե անձը մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով կատարված խուլիգանության համար, ապա ո՞րն է նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու նպատակը։
«Նշված քննչական գործողությունը՝ բնակարանի խուզարկությունը, որևէ իրավական խնդիր այս դեպքում չի կարող լուծել։
Ակնհայտ է, որ դրա նպատակը բացառապես Սամսոյանի և Սաղաթելյանի ընտանիքների անդամներին ահաբեկելն է։
Արդյո՞ք կարելի է նշել մեկ այլ դեպք, երբ միջին ծանրության հանցանք հանդիսացող խուլիգանություն կատարած անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մասնակցությամբ։
Պատասխանը միանշանակ է՝ նման ձևով ձերբակալվում են միայն այն անձինք, ովքեր քննադատում են քաղաքական իշխանություններին։
Ապաքաղաքական կամ իշխանության աջակից հանդիսացող անձինք ԵՐԲԵՔ միջին ծանրության հանցանքի համար չեն ձերբակալվում ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Հայաստանում օրեցօր մոլեգնող հանցավորության պայմաններում, իրավապահների ներուժը շարունակվում է ուղղվել ընդդիմախոսներին հետապնդելուն։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ իրավապահ համակարգի միջոցով իրականացվող քաղաքական հաշվեհարդարի հետ։
Հ.գ. Զուգահեռ իրականությունում՝ թույլատրելի վայրով փողոցն անցնող հղի կնոջը անթույլատրելի արագությամբ վրաերթի ենթարկած ոստիկանը 3-ից ավել տարի է ազատության մեջ է։
Երեկվա ահասարսուռ սպանության հետքերով ձերբակալված չկա։
Էլ չասեմ տասնապատկված հանցագործությունների մասին…»,- գրել է Գ. Մելոյանը։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաև իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ և վերապատրաստում դիտորդների։