Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեն տարածքներով, դա կորոշվի հանրաքվեով. Խանդանյան
Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, այդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով` անկլավների հարց այս պահին կա, որը, սակայն, պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում։ Պատգամավորը տեղեկացրեց, որ տեղի կունենան սահմանազատման աշխատանքներ, հետո ՀՀ–ն ուԱդրբեջանը կորոշեն՝ անկլավների թեմային ինչպես անդրադառնան։
«Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ–որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,– ընդգծեց Խանդանյանը։
ՔՊ–ական պատգամավորը նշեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է նաև վավերացվի։