Մոսկվան պատրաստ է բաց երկխոսության Հայաստանի հետ բոլոր հարցերով. Մարիա Զախարովա
Ռուսաստանը մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը և պատրաստ է քննարկել Երևանի բոլոր հնարավոր մտահոգությունները, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։ Մոսկվան առանց վարանելու օգնության է հասնում իր եղբայրական ազգին», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի դեմ հիբրիդային պատերազմների մասին ենթադրությունները։
Որպես օգնության օրինակ՝ նա նշել է 2024 թվականի հունիսին Հայաստանի հյուսիսում երկաթուղային գծերի վերականգնումը և Ռուսաստանից ցորենի մատակարարումների կազմակերպումը Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։
Նրա խոսքով՝ հիբրիդային պատերազմների հայեցակարգը մշակվել է ամերիկացի ռազմական տեսաբանների կողմից, և արևմտյան երկրները շարունակում են այն կիրառել գործնականում՝ միջամտելով այլ պետությունների ներքին գործերին։ Զախարովան նշել է, որ Մոսկվան հարգում է ցանկացած ազգի ինքնիշխան ընտրությունը և պատրաստ է բաց երկխոսության Հայաստանի հետ բոլոր հարցերով։