Շուրջ 5 միլիոն եվրոյի աջակցություն Ոստիկանությանն ու Փրկարար ծառայությանը
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԵԱՀԿ քարտուղարության կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի Գործառնական ծառայության տնօրենի տեղակալ Շոն Դե Կալուն, ՆԳ նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ Ծրագրի մեկնարկը վկայում է երկկողմ ջանքերի գնահատման և նախորդ նախաձեռնության դրական արդյունքների մասին։
Ըստ նախարար Սարգսյանի՝ ծրագիրը կարևոր ներդրում է ունենալու նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի համատեքստում։