Փաշինյանից հրահանգ չեմ ստացել, երբ որոշել եմ կալանավորել Դավիթ Համբարձումյանին․ Ժորա Չիչոյան
Դատավոր Ժորա Չիչոյանը վստահեցնում է, թե Նիկոլ Փաշինյանից հրահանգ չի ստացել, երբ որոշել է կալանավորել Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։
«Ոչ մեկից հրահանգ չենք ստացել, դրա ստանալու իրավական հիմքերն ու առիթները չկան, գործը քննվել է օբյեկտիվության սահմաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը։
Նրա խոսքով՝ այս քրեական գործով չորս անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, մեկ անձի արարքը վերաորակվել է ու վաղեմության ժամկետի անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, ևս մեկ անձ է ազատվել քրեական պատասխանատվությունից։
Երբ լրագրողները նրան հարց հղեցին՝ խնդիր չի՞ տեսնում, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում շրջափակել դատարանները, դատավոր Չիչոյանն արձագանքեց. «Դատավորն, առհասարակ, զերծ պետք է մնա քաղաքականությամբ զբաղվելուց ու քաղաքական հայտարարություններին պատասխանելուց, կարծում եմ՝ գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը եղել է քաղաքական, ես չեմ կարող այդ հայտարարությանը պատասխանել որպես դատավոր»։
Նա վստահեցրեց, թե երբևիցե իշխանություններից SMS չի ստացել։