«Քովիդի» գործով այս պահին ակտիվ վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
«Քովիդի» գործով այս պահին ակտիվ վարութային գործողություններ են կատարվում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Մեծածավալ ու բազմադրվագ վարույթ է, ձեռնարկվում են միջոցներ՝ գործի բոլոր հանգամանքները համակողմանի ու անաչառ ուսումնասիրելու համար»,- նշեց նա։
Նահապետյանն ասաց, որ արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեն։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանին հարցաքննելու կարիք կա։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանն ու Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորվել էին նաև մի շարք այլ անձիք։ Ավելի ուշ Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։