Ես զարմանում եմ՝ ինչ կա այդտեղ զարմանալու. Հանրային ՀԸ տնօրենը՝ Հովհաննավանքի կեղծ պատարագն ուղիղ հեռարձակելու մասին
«Իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը, լրատվամիջոցները որոշել են դա լուսաբանել, այդ թվում ուղիղ եթերով, Հանրայինն էլ է լուսաբանել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նոյեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով լուսաբանեց Հովհաննավանքի կեղծ պատարագը։
Նա նշեց, որ երբ իրադարձություն է լինում ու լրատվամիջոցները, այս դեպքում նաև Հանրայինը, լուսաբանում են, ի՞նչ կա այդտեղ զարմանալու. «Իրականում կիրակի օրը տեսա, ինչ-որ զարմանք, այսօր էլ խոսվեց այստեղ այդ մասին։ Ես զարմանում եմ, ընդհանրապես, ինչ կա այդտեղ զարմանալու»։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ Մայր Աթոռի արարողությունները չեն լուսաբանվում, Հանրայինն ուղիղ եթեր չի ապահովում, Մովսիսյանը հիշեցրեց, որ վերջին իրադարձությունը՝ Մայր Աթոռի վերաբացումը, ուղիղ եթերն ապահովել է հենց Հանրային հեռուստաընկերությունը։
Լրագրողները հիշեցրեցին, որ այդ արարողությանը մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։
Կոնկրետ հարցին՝ նոյեմբերի 2-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագ մատուցվեց, ինչո՞ւ Հանրայինը չապահովեց ուղիղ հեռարձակում, նա պատասխանեց. «Երբ որ Հանրային հեռուստաընկձրությունը լուսաբանում է որևէ պատարագ, Հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, դիմում են՝ քննարկվում է, տեղանքի քննություն է կատարվում... Մեծ աշխատանք է։ Դիմում են, ըստ այդմ դիտարկվում է։
Այս դեպքում ոչ մի դիմում չի եղել»։