Սպանված Շմավոն Աթոյանը բլոգեր էր, նաև ՔՊ անդամ
Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից 2 կրակոց է արձակել Շմավոն Աթոանի ուղղությամբ։ Վերջինը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Մամուլը գրում է, որ Շմավոն Աթոյանը ՔՊ անդամ է, նաև բլոգեր։
Ոստիկանությունից ավելի ուշ հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, որի մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել։ Ըստ ոստիկանության, հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։ Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն: